Դավիթ Գազազյան
«Իսկական դրամատուրգը պետք է իր ստեղծագուրծության մեջ ներդնի բեմական այն օրգանիկ զգացմունքը, որով արժեքավորվում են դրամատիկ գրողի գործերը: Ահա այս զգացմունքն է, որ առկա է Դ. Գազազյանի պիեսներում»:
Կոնստանտին Սիմոնով
Դավիթ Աբրահամի Գազազյանը ծնվել է 1910թ. պատմական Սեբաստիա նահանգի Նիկոդեմիա (Իզմիթ) քաղաքում, Կոստանդինոպոլիս, որտեղ և անցկացրել է մանկության առաջին տարիները: 1915թ. հայոց մեծ եղեռնի ժամանակ Դավիթ Գազազյանը, ինչպես և շատ ու շատ հայ ընտանիքներ, տեղահանվեցին` ապաստան գտնելով Դամասկոսում: Այս տարիները շատ դժվար են եղել Գազազյան ընտանիքի համար, քանի որ ստիպված են եղել մի երկրից մյուսը գաղթել: Հետագայում դեգերումների մասին
այս պատմությունը տեղ գտավ Դ. Գազազյանի «Հաֆըզ Ֆախուրի» աշխատության մեջ, որը 1976թ. տպագրվեց «Գրական Հայաստան» ամսագրում:
Դեռևս Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներին էր Դավիթ Գազազյանը մեծ հակում զգացել դեպի հայ գրականությունն ու մասնավորապես դրամատուրգիան: Նրան միշտ հուզում էր հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը: Եվ երկար ուսումնասիրությունից հետո Դ. Գազազյանը գրեց «Խաչատուր Աբովյան» պիեսը, որը նրան մեծ հռչակ ու ճանաչում բերեց դրամատուրգիայի ասպարեզում: Խ. Աբովյանի մահվան (անհետացման) 100-ամյակին նվիրված
մի շարք միջոցառումների հետ միասին 1948թ. պիեսը բեմադրվեց Երևանի Պատանի Հանդիսատեսի թատրոնի բեմում ռեժիսոր Հ. Ղափլանյանի և գեղարվեստական ղեկավար Տ. Շամիրխանյանի մասնակցությամբ: Այն մեծ հավանության ու գնահատանքի արժանացավ բազմաթիվ գրողների և գրականագետների կողմից, իսկ ԽՍՀՄ Գրողների միության նախագահ Ա. Ֆադեեվի ջանքերի շնորհիվ պիեսը թարգմանվեց ռուսերեն և 1952թ. տպագրվեց «Հայկական սովետական դրամատուրգիան» պիեսների ժողովածուում: «Խաչատուր Աբովյան» պիեսի բեմադրությունը նոր, շրջադարձային փուլ ավետեց Դ. Գազազյանի ստեղծագործական գործունեության
շրջանակներում, քանի որ այն երկար տարիներ չէր իջնում բեմից, ավելին, պիեսի բեմադրությունը մեծ պահանջարկ էր վայելում նաև արտասահմանյան տարբեր հայկական թատրոններում:
Գրող-դրամատուրգ լինելուց բացի Դ. Գազազյանը մեծ գործունեություն է ծավալել նաև մանկավարժության բնագավառում: Եղել է բազմաթիվ համանուն աշխատությունների` «Անահիտի դասարանը», ձեռնարկների` «Այբբենարան», հեղինակ, իսկ «Հերոսության
ուղիով», «Երջանկության կերտողները» պիեսների շարքը, որտեղ հեղինակը պատմում է հասարակ գյուղացու և գյուղական կյանքի և հոգսերի մասին, արժանացել է հանրապետական գրական մրցանակների, պատվո շքանշանների և մեդալների:
Դ. Գազազյանը մահացել է 1968թ.: Այս տարի լրանում է նրա ծննդյան 100-րդ ամյակը, որի առթիվ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, հանդիպումներ գրականագետների հետ, որոնք իրենց տպավորությունները կհաղորդեն երբեմնի հայտնի հայի` Դավիթ Գազազյանի մասին:



