Տուրիզմը Հայաստանում
Տուրիզմը մարդկային գործոն է, տնտեսության զարգացման հիմնական ուժը, որը թելադրում է պատշաճ աշխատանք, երկրի մշակութային և հոգևոր արժեքների ճիշտ գնահատում ու այդ արժեքների ռացիոնալ կիրառում: Այն որ տուրիզմը Հայաստանում տարեցտարի զարգացում է ապրում, և արդեն անցել է 21-րդ դարի սկզբում նկատվող «լճացած» ժամանակահատվածը, փաստում են երկիր մուտք գործող զբոսաշրջիկների մեծ հոսքն ու անընդհատ կառուցվող հյուրանոցային, ռեստորանային համալիրների և տուրիստական կենտրոնների թիվը: Արդեն իսկ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվել է ՀՀ այցելած զբոսաշրջային այցելությունների թիվը, ըստ որի 2009թ. Հայաստանի Հանրապետություն է այցելել 575,281 ներգնա զբոսաշրջիկ: Նշենք, որ զբոսաշրջիկ համարվում է իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր մեկնող անձը, որն այդ վայրում անցկացնում է ոչ ավել, քան 1 տարի, անցկացնում է այդտեղ առնվազն մեկ գիշերակաց, այդ վայրում վճարովի աշխատանք չի կատարում և այդ վայրի աղբյուրներից չի վարձատրվում իր կատարած աշխատանքի դիմաց: Այցելության նպատակները կարող են տարբեր լինել` հանգստի, ճանաչողական, գործնական, կրթական, բուժման և այլն: Ինչպե՞ս է գնահատվում այս ցուցանիշը, ինչպիսի՞ թերություններ կամ առավելություններ են արձանագրվել կամ ինչպիսի՞ բարեփոխումներ պետք է իրականացվեն այս ոլորտում. այս և մի շարք այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի և Տուրիզմի Հայկական Ինստիտուտի ու Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի հետ, որոնց հետ հարցազրույցի առավել գրավիչ հատվածները կամփոփենք «Տուրիզմը Հայաստանում» հոդվածի խորագրի ներքո: Թե՛ պրն Ապրեսյանը, և թե՛ պրն Մինասյանը այս ցուցանիշը բավարար են համարում, եթե հաշվի առնենք մեր երկրում և ընդհանրապես ամբողջ աշխարհում 2009թ. արձանագրված ֆինանսատնտեսական ճգնաժամը, առավել ևս, երբ համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը ըստ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության վիճակագրական տվյալների` կազմել է ընդամենը 4%: Ինչպես գիտենք, զբոսաշրջային ակտիվ սեզոնը սկսվում է գարնանից մինչև խոր աշուն: ՀՀ այցելում են հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից և այլն: Եթե նախկինում զբոսաշրջիկը այցելում էր Հայաստան` որպես Սովետական Միության անդամ երկիր, ապա այժմ նա գալիս է մի երկիր, որն ունի իր առանձին պատմությունը, մշակույթը, արվեստը, ու հային բնորոշ յուրահատուկ հյուրընկալությունը: Ինչպես նշում է պրն Մինասյանը, ցանկացած երկիր, որն ունի մարդկային ռեսուրս, զբոսաշրջության համապատասխան վայրեր, հյուրասեր ու հյուրընկալ է, նա զբոսաշջիկ է փնտրում: Հաշվի առնելով այս փաստը` Հայաստանի համար որպես դոնոր երկրներ կարող են հանդես գալ Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ, Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը: Իհարկե, առաջարկը պահանջարկ է թելադրում է, ուստիև պետք է առավելագույնս ուշադրություն դարձնել, թե ինչ է փնտրում զբոսաշրջիկը մեր երկրում, այն ինչը կհամապատասխանի իր ցանկությանը, հասակին, մասնաագիտությանը:
Կազմակերպված տուրիզմի համար Հայաստանում առկա է գրեթե ամեն ինչ: Կան լեռնադահուկային բազաներ, բնական հանքային աղբյուրներ, և յուրաքանչյուր մարդ կարող է իր նախասիրությունները գտնել: Սակայն պետք է ավելացնել կազմակերպված տուրիզմի քանակը, նպաստավոր պայմանն եր ստեղծել առողջարարական, բուժական և արկածային տուրիզմի համար: Խնդիրների մասին խոսելով` ոլորտի ներկայացուցիչները նշեցին, որ իսկապես դեռ անելիքներ կան, կան թերություններ, և դրանք հիմնականում ուղղված են թե՚ ենթակառուցվածքների, թե՚ մարդկային ռեսուրսների զարգացմանը, որ պետք է շտկվեն ժամանակի ընթացքում, սակայն այս ամենը պետք է լուծել միմիայն միասնականության միջոցով` պետության և մասնավոր հատվածի համատեղ աշխատանքի միջոցով: Ըստ պրն Ապրեսյանի` «Պետք է մեծ աշխատանք տարվի Հայատանի իմիջը, ճանաչելիությունը դրսում պրոպագանդելու և ճիշտ ներկայացնելու համար, քանի որ հաճախ Հայաստանը ընկալվում է որպես թեժ տարաշածաշրջան:
Բացասական ընկալումները փոխելու և Հայաստանը միջազգային շուկայում որպես կայուն ու ապահով, զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր ներկայացնելու նպատակով դեռ 2006թ-ից սկսվել է Հայաստանը միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով ներկայացնելու գործընթացը: 2006-2008թթ. Հայաստանը ներկայացվել է CNN և EuroNews հեռուստաալիքներով, ինչը իր դրական արդյունքն անշուշտ ունեցել է: 2009թ. եղել է մեկ այլ նախաձեռնություն. նկարահանվել է Հայաստանը ներկայացնող 52 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Հայաստան` Նոյի երկիր»:
Գործընթացն այժմ գտնվում է երկրորդ` տարածման փուլում: Արդեն աշխարհի շատ հեղինակավոր հեռուստաընկերություններ ձեռք են բերել այս ֆիլմը` հեռարձակման նպատակով»: Անհրաժեշտ է նաև պահանջարկին համապատասխանող որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրը լուծել: Եվրոպական զբոսաշրջային կառուցներ ինտեգրվելու մասով, ինչպես նշում է պրն Մինասյանը, աշխատանքներ է տանում մասնավորապես Տուրիզմի Հայակական Ինստիտուտը, որը անդամակցում է եվրոպական և ԱՊՀ երկրների մի շարք տուրիստական կառույցներին: Սակայն, ըստ Ռ. Մինասյանի, զբոսաշրջիկին հիմնական ծառայություն (տրանսֆեր, հյուրանոցային սպասարկում, էքսկուրսիոն ծրագրեր) մատուցելուց զատ` անհրաժեշտ է լրացուցիչ ծառայություններ ստեղծել. հուշանվերների սրահներ, համերգային ծրագրեր, թանգարաններ և այլն, այսինքն այնպես անել, որ «զբոսաշրջիկը գումարով գա, դատարկ գրպանով գնա»: Պետք է ստեղծել «Թրեյնինգ Կենտրոններ», «գիդերի կուրսեր», անցակացնել «Վարպետության Դասեր (Master Class)»` հրավիրելով արտասահմանյան մասնագետների, ովքեր իրենց գիտելիքներով կկիսվեն մեր տուրօպերատորների հետ:
Ինչ վերաբերում է 2010թ. իրականցվելիք ծրագրերին, պրն Ապրեսյանը, նշեց. «Զբոսաշրջության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագիր միտված է թե՚՛ արտագնա, թե՚ ներգնա զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այստեղ նույնպես խոսքը վերաբերում է ենթակառուցվածքների և մարդկային ռեսուրսների զարգացմանը:
Զբոսաշրջության զարգացումը բացի տնտեսական ուղղվածությունից ունի նաև սոցիալական նշանակություն, այսինքն բացի եկամուտ ստեղծելուց, նպաստում է նաև ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ ենթակառուցվածքները մնում են Հայաստանում, և դրանից օգտվում է տեղի բնակչությունը»:
Այս ամենը ամփոփելով` հարկ է նշել, որ 2010թ. դեռ նոր է սկսվել, և արդեն իսկ նկատվում է զբոսաշրջիկների ակտիվ հոսք, որը, անկասկած, արդյունք է թե՛ պետության աջակցության, և թե՛ մասնավոր հատվածի բուռն գործունեության:


