Երևան. Աբովյան փողոց

Աբովյան փողոցՔաղաքի հնության մասին խոսելիս, սովորաբար, նկատի ենք ունենում նրա պատմությունը, փողոցներն ու վայրերը, որտեղ մարդիկ սիրել են հաճելի ժամանց անցկացնել, հուշարձաններն ու ճարտարապետական նմուշները, որոնք մատնանշում են ժամանակի շունչը: Թեև Երևան  քաղաքում արդեն մի քանի տարի ընթացող շինարարական աշխատանքները եվրոպական քաղաք ստեղծելու տենդենց են կրում, այնուամենայնիվ, այստեղ էլ կան վայրեր, որոնք թե՛ իրենց տեսքով, և թե՛ ճարտարապետական լուծումներով մեզ տանում են հին Երևան:
Աբովյան փողոց. դժվար թե գտնվի մի երևանցի, որ անտարբեր անցնի այս փողոցով, կամ էլ մտքում գոնե մեկ անգամ ասած չլինի. «Երանի՛ թե էստեղ տուն ունենայի»: Շատ են հիշողությունները կապված այս փողոցի հետ. մեկը սովորել է այստեղ, մյուսն` աշխատել, երրորդն էլ՝ սիրահարվել:
Աբովյան փողոցը իր ներկայիս անվանումը ստացել է XX դարի սկզբին: 1856թ. Կովկասի փոխարքա Բարյատիսկին հաստատեց Երևանի հատակագծի նախագիծը, որով փողոցները դեռ պետք է ուղղվեին ու հարմարեցվեին տեղանքի դիրքին և իրենց մեջ ներառեին առևտրա-արհեստավորական ու գործարարական շինությունները: Առաջին կանոնավոր փողոցը` Աստաֆսկին կամ Աստաֆևսկայա, կոչվեց գեներալ-նահանգապետ Աստաֆևի անունով:
Փողոցը բացվեց 1863թ.: Աստաֆյանը դարձավ այն փողոցը, որին զուգահեռաբար և ուղղահայաց դիրքերով կյանքի կոչվեցին մյուս կենտրոնական փողոցները: 1883թ. քաղաքային դուման, ի պատիվ Ալեքսանդր 3-րդի, որոշում ընդունեց Աստաֆյան փողոցը վերանվանել Ալեքսանդրովսկայա, իսկ 1921թ.` Աբովյան, որը մինչ օրս էլ կրում է այդ անունը: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարում Աբովյան փողոցը եղել է քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն, որտեղ գտնվում էին «Գրանդ հոթել», «Օրիանտ», «Ֆրանսիա» հյուրանոցները, դեղատներ, քաղաքային ակումբը:
Այժմյան «Մոսկվա» կինոթատրոնի տեղում գտնվում էր Պողոս-Պետրոս եկեղեցին 5-6-րդ դարեր, որի բակում էլ գործում էր սբ. Գայանեի անվան ուսումնարանը: Մի փոքր վեր` այժմյան Սայաթ-Նովա Աստաֆյան փողոցների հատման անկյունում էր գտնվում սբ. ԱստվածածինԿաթողիկե եկեղեցին12-13-րդ դարեր: Աստաֆյան փողոցը նաև քաղաքի գործարարական և առևտրային կենտրոնն էր: Այն գեղեցկանում էր հատկապես գարնանը, երբ հասարակական շենքերն ու առանձնատները թաղվում էին ծառ ու ծաղկի մեջ, իսկ բոլորիս հայտնի Կարաբալան, ում հուշարձանն էլ տեղակայված է հենց Աբովյան փողոցում, մեծ սիրով ու յուրահատուկ գոհունակությամբ անցորդներին ծաղիկներ էր նվիրում: Փողոցին հատուկ էին երկհարկ տները, կարկաչահոս առվակները, որոնք, յուրահատուկ զովություն էին տալիս քաղաքին, իսկ 1906-1918թթ. այս փողոցով էր անցնում ձիաքարշի առաջին գիծը (կոնկա):
Այսօր Աբովյան փողոցում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, սակայն կա մի բան, որը դժվար թե երբևէ փոխվի. դա այս փողոցին բնորոշ աշխուժությունն է, մարդկանց անցուդարձն ու մեքենաների առատությունը. այսպիսին է կյանքը Աբովյան փողոցում տարվա յուրաքանչյուր եղանակին և օրվա ցանկացած պահին:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝