Go2Armenia. ներգնա տուրիզմի զարգացման նոր մոտեցում
Go2Armenia ընկերությունը UTair ավիաընկերության աջակցությամբ սկսում է իրականացել Հայաստանում ներգնա տուրիզմը նոր մակարդակի բարձրացնելուն միտված ծավալուն նախագիծ:
Այս մասին ասվում է Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության լրատվական կայքում տեղադրված հոդվածում:
Աշնանը Մոսկվայից, Կրասնոդարից, Դոնի Ռոստովից դեպի Երեւան կմեկնարկեն շաբաթական երկու անգամ չվերթները: Նախատեսվում է, որ 2015 թ.-ից նախագիծն արդեն կընդգրկի 11 ռուսական քաղաքներ, 11 եվրոպական եւ 7 ասիական երկրներ:
«Չնայած այն հանգամանքին, որ ռուս զբոսաշրջիկների մոտ Հայաստան, Վրաստան եւ Ղազախստան այցելելու հետաքրքրությունը վերջին տարիներին աճել է, բայց այցելությունների իսկական աճին խանգարող հանգամանք մնում էին տոմսերի գները: Ռուսաստանից Եվրոպա թռչելը երբեմն երկու-երեք անգամ ավելի էժան է, քան ԱՊՀ երկրներ», – ասվում է հոդվածում:
Go2Armenia ընկերության տնօրեն Արկադի Կեւորկովի խոսքով, ընկերությունը UTair-ի երեք քաղաքներից իրականացվող կանոնավոր չվերթներում շաբաթական ձեռք է բերելու 100 նստատեղ:
«Մենք առաջարկում ենք լիարժեք տուր, որը կներառի թռիչք, տրանսֆեր, ապահովագրություն, տեղաբաշխում հյուրանոցում ե գործակալական միջնորդավճար: Հյուրանոցների հետ կնքվել են խիստ պայմանագրեր, այնպես որ մեզ մոտ ամեն ինչ երաշխավորված է: Մեր առաջարկած փաթեթը շատ ավելի էժան է, քան մյուս առաջարկների մեծ մասը, որոնք ներառում են միայն թռիչք եւ տեղաբաշխում», – պատմել է նա:
Go2Armenia-ն ներկայումս առաջարկում է դեպի Հայաստան շաբաթական խմբակային տուրեր. հինգշաբթի օրերին 4 օր/3 գիշեր` €396 արժողությամբ (մեկ անձի համար), եւ կիրակի օրերին 8 օրյա տուր` €696 արժողությամբ: Որոշ փաթեթներ ներառում են էքսկուրսիաներ, մյուսները` միայն թռիչք եւ հյուրանոց, 4 օրվա համար կազմելով €299:
«Роза ветров» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Զենկինի խոսքով, Go2Armenia նախագիծը ազգային պրոդուկտի ձեւավորման ճիշտ մոտեցման օրինակ է:
«Առաջարկված են լավ գներ, նախագիծը առավելագույնս մոտեցված է շուկայի պահանջարկին: Միակ բանը, որը պետք է անել, երկրի մասին ավելի շատ ինֆորմացիա տալն է`առաջ մղելով պահանջարկը», – ասել է նա:
«Солвекс Трэвэл» ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Ստրեբկովը կարծում է, որ Go2Armenia-ի առաջարկն ճիշտ ժամանակին է արված:
«Նման գներով Հայաստանը լիովին կարող է մրցակցել Բալթյան երկրների հետ», – նշել է նա:
Նրա խոսքով, Հայաստանի առաջխաղացումը ռուսական շուկայում մեծ ջանքեր չի պահանջի: «Պահանջարկն արդեն կա, խնդիրը թանկ թռիչքներն էին, եւ այդ հարցն արդեն լուծված է», – նշել է նա:


