Ամանորը Հայաստանում
Տարիդ շնորհավո՛ր բազմիցս կիրառվող այս մաղթանքը դառնում է հայերի սիրելի արտահայտությունը ամեն տարի Ամանորին:
Ամանորը կամ Նոր Տարին դարեր շարունակ ամենասիրված ու տարածված տոնն է եղել հայոց տոնածիսական համակարգում: Ամանորը հայոց հեթանոսական շրջանի նշանավոր տոնն էր, որի ժամանակ կատարվում էին մեծամասշտաբ արարողություններ: Մասնավորապես, սրբագործում էին ստացված առաջին բերքը` երախայրիքը, քանի որ Ամանորի աստվածը` Վանատուրը, հայ դիցաբանության մեջ համարվում էր մարդկանց կերակրողն ու այգիների, պարտեզների և պտուղների խնամակալը: Ինչպես շատ ժողովուրդների, այնպես էլ հայերի մոտ տարեսկիզբն անցյալում համընկնում էր տնտեսական տարվա սկզբին` գարնանամուտին, սակայն 18-րդ դ. կեսերից աստիճանաբար հայ իրականություն սկսեց մուտք գործել քրիստոնեական Ամանորը, որը նշվում էր հունվարի 1-ին, իսկ հունվարի 6-ին` Քրիստոսի Ծննդյան օրը:
Հնում տարածված էր Նոր Տարվա նախորդ երեկոյան կամ գիշերը երեխաներից կազմված խմբերով տնետուն ման գալու, երգերի և խաղիկների միջոցով տան անդամների Նոր Տարին շնորհավորելու սովորույթը. ի դեպ, շնորհավորում էին նախ զավակները ծնողներին, արհեստավորները` վարպետին, աշակերտներն` ուսուցչին, տան մեծը` տանուտերին, քահանային և հետո` հակառակը: Երեխաները, երդիկներից և բուխարիկներից շնորհավորական բարեմաղթանքներ հղելով, միաժամանակ տոպրակ, կողով, գուլպա կամ այլ հարմարանքներ էին կախում, որոնց մեջ տանտիրուհիները նվերներ էին դնում (սովորաբար` չիր, չամիչ, գաթա և այլն): Ամանորյա այս գեղեցիկ ծեսը հայտնի էր ՙԿախու՚, ՙԿախուկ՚, ՙԳոտեկախ՚ անուններով:
Նոր Տարվա հետ կապված հայոց կենցաղում բավական տարածված էր ՙառաջինի՚ հմայական խորհրդի հավատալիքը: Նոր Տարին ինքնին ՙառաջինի՚ նկատմամբ ունեցած նախնական հմայական հավատքի ցայտուն արտահայտությունն էր: Տարածված էին առաջին այցելուի հետ կապված ամանորյա գուշակությունները: Հավատում էին, որ եթե տան դուռն առաջինը բացի ուրախ բնավորության տեր անձնավորություն, ապա տարին ուրախ կանցնի:
Ժամանակի ընթացքում տոնն իր մեջ ներառել է օտարածին երևույթներ (սանտա կլաուս կամ ձմեռ պապ, տոնածառ), որոնք ավելի են հարստացրել այս գեղեցիկ տոնը` միաժամանակ ուրախություն պատճառելով հատկապես փոքրիկներին, ովքեր մեծ ակնկալիքով ու անթաքույց հրճվանքով են սպասում Ձմեռ պապին: Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին ՙՀայտնություն՚ կամ ՙԱստվածահայտնություն՚ անվամբ: Մատուցվում է Սբ.Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը:
Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար, իսկ քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը:
Այստեղից էլ գալիս է Տնօրհնեքի սովորույթը:



