Վրաստանը փորձում է սրբագրել գինու մշակույթը

ԳինեգործությունՎերջին տարիներին Վրաստանը ակտիվորեն աշխատում է գինու, խաղողագործության մշակույթի «մենատեր» լինելու ուղղությամբ` փորձելով գինու պատրաստման մշակույթի հետ կապված իր նկրտումներն ամրագրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակությաին ժառանգության ցանկում:

Բացի այն, որ Վրաստանն արդեն Եվրամիությունում գրանցել է «Գինու բնօրրան» բրենդը, որը երաշխավորում է վրացական գինու բացառիկ իրավունքներ ԵՄ երկրներում, այս անգամ էլ որոշել է գրանցել, թե կարասներում գինի պատրաստելու ավանդական մեթոդը վրացական է:

Նման քաղաքականությամբ Վրաստանը ցանկանում է ևս մեկ քայլ կատարել և վրացական գինին հանրայնացնել աշխարհում, իհարկե գաղափարը վրացական տեսակետից` հրաշալի է, սակայն մարդկության ծննդից առաջ և հետո երկրագնդի վրա միայն վրացիները չէ, որ զբաղված էին հենց կարասներում գինի պատրաստելով: Վրացական` մարդկության ծննդից առաջ, գինի պատրաստելու մաշկույթը հենվում է Շուլավերում հայտնաբերված խաղողի կորիզների վրա:

Խորհրդային տարիներին Շուլավերը կամ Շահումյանը Վրաստանի ամենամեծ հայաբնակ գյուղերից է եղել։ Բնակչության գրեթե 100 %-ը հայեր են։ Ժամանակին գյուղն ունեցել է 4 դպրոց, այդ թվում՝ մեկ ռուսական։ Գյուղում կա հայկական եկեղեցի` Սբ. Մարիամ Աստվածածին։ Գյուղի մերձակա սարի վրա է գտնվում կիսավեր Սբ. Գևորգ եկեղեցին, ավելի վեր Սբ. Սարգիս եկեղեցին է։

Aysor.am-ի հետ զրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ևս հիշեցրեց, որ վրացական գինու «հպարտությունը» Շուլավերի խաղողի կորիզներն են, որոնք թվագրվում են 4-5 հազար տարի մեր թվարկությունից առաջ, իսկ այդ տարածքը ընդամենը 70 տարի է, որ Հայաստանի կազմում չէ:

Հայաստանի մասով նշենք, որ վերջին տարիներին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի հարևանությամբ գտնվող Թռչունների քարանձավում պեղումները բացել էին գինու կավե կարասներ և անոթներ, հայտնաբերվել էին խաղողի ճյուղեր. Գինու հնձան: Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունը պարզել էր, որ գտածոները թվագրվում են մթա 4-րդ հազարամյակ: Արենիի քարանձավի եզակիությունը կայանում էր նաև նրանում, որ հայտնաբերվել էր գինու հնձան, որտեղ գինի ստացել են արդյունագործական եղանակով, ոչ` տնայնագործական:

Ա. Հարությունյանը նաև նշեց, որ վրացիները և՛ մառան, և՛ գինի, և՛ տիկ, և՛ քացախ, և՛ կարաս անվանումները վերցրել են հայերից և օգտագործվում են՝ որպես փոխառություններ: «Գինու մշակույթի հետ առնչվող բառերը հայկական ծագում ունեն»,- շեշտեց գինեգործների միության նախագահը:

Նա նաև հիշեցրեց, որ հին աշխարհում և՛ ուրարտացիները, և՛ եգիպտացիները, և՛ փյունիկցիները, և՛ հույներն ու հռոմեացիները, այսինքն` հին աշխարհի մշակույթի կրողները, գինին պատրաստել են կարասում, և դա մի ամբողջ էպոխա է, ոչ թե միայն մեկ ժողովրդի ձեռքբերումը. Տվյալ դեպքում` վրացիների:

«Վրացիները ոչ միայն կարասում պատրաստված գինու մշակույթն են փորձում սեփականացնել, նաև մառանը»,- հավելեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է արդեն տակառներում գինի պահելու մշակույթին, ապա այն ձևավորվել է մթ 3-րդ դարից, 11-րդ դարից արդեն հայերն են սկսել գինին պահել տակառներում, վրացիներհն` ավելի ուշ:

Ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու վրացական հայտին, Հայաստանը չէր կարող ավելի վաղ տեղեկանալ, քանի որ Ա. Հարությունյանի փոխանցմամբ, Հայաստանն այդ հանձնաժողովի անդամ չէ, ինչպես Վրաստանն ու Ադրբեջանը, այնպես, որ Հայաստանը իմանում է հայտերի մասին, երբ արդեն ամեն ինչ որոշված է լինում. Հայաստանը պարզապես պետք է անդամության համար գումար վճարի, բայց չի վճարում:

Իսկ թե ինչո՞ւ է այս վիճակը, Հարությունյանը պատասխանեց. «Դա մեր ողբերգությունն է, մեր մշակույթի նախարարության ողբերգությունն է»:

Նա նաև առաջարկում է ունենալ հանձնաժողով, որը կաշխատի ոլորտում, իսկ այն երկրները, որոնց առնչվում է կարասներում գինի պահելու մշակույթի «յուրացումը» Վրաստանի կողմից` կարծես թե դրան լուրջ չեն վերաբերում:

«Իսկ Հայաստանը դիտորդի դերում է»,- ընդգծեց Գինեգործների միության նախագահը:

Եթե ոչ ոք չի բողոքում` Վրաստանը ավելի հնարամտորեն կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել, որ մարդկության ծննդից առաջ Վրաստանում` ազգությամբ վրացիները կարասներ էին թրծում ու գինի քաշում… ու ծնունդ առավ մարդկությունը:

04.12.2013, 20:26

Գոհար Ստեփանյան
Aysor.am

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն