Տեառնընդառաջ

ՏրնդեզՓետրվարը ձմռան վերջին և տարվա ամենակարճ ամիսն է, և ակամայից սկսում ես մտածել, որ արդեն մոտենում է գարունը` թերևս տարվա ամենասպասված և գեղեցիկ եղանակը` լի նոր ծաղկունքով, ակնկալիքներով և նոր տրամադրությամբ: Փետրվար ամիսը հայ ազգային և եկեղեցական տոնացույցում նշանավորվում է մի շատ գեղեցիկ և ավանդական տոնով` Տյառնընդառաջի տոնով (Տրնդեզ` ժողովրդական լեզվով): Շատերն են այս տոնին մեծ խանդավառությամբ սպասում, հատկապես նորապսակները, սակայն յուրաքանչյուր տոն ժողովրդականություն վայելելուց զատ` ունի շատ ավելի մեծ խորհուրդ, և կարևոր է հատկապես իմանալ տոնի արմատներն ու առնչությունը եկեղեցու հետ:
Տյառնընդառաջը (Տիրոջն ընդառաջ գնալ) դասվում է տերունի տոների (Փրկչի կատարած հայրակամ տնօրինությունները հիշելու տոներ) շարքին, որոնցից է նաև Ավետումը, Ծննունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը, Համբարձումը և Հոգեգալուստը: Տյառնընդառաջը անշարժ տոն է և նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 14-ին: Ինչպես նշվում է «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տոները» աշխատության մեջ, «Քառասուն օր Բեթղեհեմում մնալուց հետո Հովսեփն ու Մարիամը, վերցնելով մանուկ Հիսուսին, եկան Երուսաղեմ: Երբ նրանք մոտեցան տաճարին, արդեն մութ էր, և տաճարի արևելյան դուռը, որ վաղուց ի վեր փակված էր, Տիրոջ մոտենալու պահին ինքնիրեն բացվեց, որով էլ կատարվեց Եզեկիել մարգարեի այն խոսքը, որ տաճարի արևելյան դուռը բացվելու էր միայն Իսրայելի Աստծու առջև, և այդպես էլ եղավ: Եվ դռները բացվելուն պես բնակիչները դուրս վազեցին տներից, և քանի որ արդեն մութ էր, վառվող ջահեր ու ճրագներ ձեռքներին` գնացին տաճար` տեսնելու տաճար եկողին և միմյանց ձայն տալով ասացին. «Տերն անցավ այս դռնով»: Եվ մտնելով տաճար` տեսան Հովսեփին ու Մարիամին` Հիսուս Մանկանը գրկում»:
Ամեն տարի մենք նույն օրինակով ենք կատարում Տյառնընդառաջի նախատոնակը, որը նշվում է Փետրվարի 13-ին` տոնին նախորդող
օրը, և երեկոյան վառվող ջահերով ենք սկսում խորհրդի կատարումը, իսկ եկեղեցում վառվող մոմերից էլ տուն ենք տանում`որպես Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշ: Մեզանից շատերի մոտ է առաջանում այն հարցը, թե ինչու ենք ջահեր և խարույկներ վառում տոնի կապակցությամբ: Նույն աշխատության մեջ նշվում է. «Որովհետև հեթանոսներն Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք ճրագներ վառելով` կրակը ցույց ենք տալիս որպես Քրիստոսի ծառա և բերում ենք Աստծուն ծառայեցնելու»: Սակայն խարույկի շուրջը պտտվելու` ժողովրդի մեջ տարածված սովորությունը ըստ եկեղեցական կանոնի` խոտելի է` անթույլատրելի:
Փետրվարի 14-ին մենք մեծ շուքով ու հանդիսավորությամբ ենք տոնում Տյառնընդառաջը` ոչ միայն վերը նշված խորհուրդն ու ծիսակարգը հաշվի առնելով, այլ հիմնվում ենք մասնավորապես ժողովրդական այն ասացվածքի վրա, որ խարույկի ծուխը, դեպի երկինք բարձրանալով, կարծես թե կոտրում է ձմռան ցուրտը, և եղանակն աստիճանաբար սկսում է տաքանալ: Թերևս այս տոնը իր մեջ է ներառում նաև որոշ ռոմանտիկ տարրեր, քանի որ այս օրը կարող ենք հանդիպել շատ ու շատ սիրահարների, ովքեր զբոսնում են` վառվող մոմերը ձեռքներում բռնած: Ի դեպ, Հայ Առաքելական Եկեղեցին այս օրը սահմանել է նորապսակների օրհնության օր: Եկեղեցիներում կատարվող Սուրբ Պատարագից հետո կատարվում է նորապսակների օրհնության արարողությունը` ի նշան զույգերի սիրո և հավատարմության զորացման:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝