Տուրիզմը Վրաստանում
Deutsche Welle-ի անդրադարձը
2013թ. Վրաստան է այցելել ավելի քան 5 մլն արտասահմանցի հյուր՝ 21%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ 4.5 մլն բնակչությամբ երկրի համար սա տպավորիչ թիվ է, գրում է Deutsche Welle-ն՝ փորձելով պարզել, թե ովքեր են մեկնում Վրաստան և ինչու են այդ մեկնողները տարեցտարի ավելանում։
Տվյալները հրապարակել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախարարության տվյալների՝ Վրաստան այցելած արտասահմանցի քաղաքացիների գրեթե 2 մլն-ը եղել են զբոսաշրջիկներ, ովքեր անցկացրել են Վրաստանում 24 և ավելի ժամ, մոտ 1.2 մլն-ը՝ մարդիկ, ովքեր եղել են երկրում տարանցիկ ճանապարհով, մյուսները՝ մարդիկ, որոնք կատարել են գործնական, ուսումնական և այլ ուղևորություններ։
Եվ այսպես, ովքեր են Վրաստանի հյուրերը և ինչն է նրանց գրավում։
Գլխավոր հյուրերը հարևաններն են։ Առավել ակտիվ Վրաստան են այցելել հարևան երկրների քաղաքացիները՝ Թուրքիա (գրեթե 1.6 մլն մարդ), Հայաստան (1.3 մլն մարդ), Ադրբեջան (1.1 մլն մարդ)։ Չորրորդ տեղում է Ռուսաստանը (765.500 մարդ, դա 49%-ով ավելին է 2012-ից)։ 206.999 հյուր ժամանել է ԵՄ-ի երկրներից։ Այստեղ առաջատար են լեհերը, նրանք 80%-ով ավելին են եղել, քան 2012-ին։
Փորձագետների կարծիքով՝ արտասահմանցիների թվի աճը պայմանավորված է նրանով, որ նրանք բոլորն առավել ակտիվ ժամանում են ծովի ափին հանգստանալու համար, ինչպես նաև օգտագործում են Վրաստանի տարածքն իրենց բեռների տարանցիկ ճանապարհի համար, ինչպես, օրինակ, Հայաստանը։
Ընդհանուր աճին նպաստում է Թբիլիսիի լիբերալ վիզային քաղաքականությունը, մասնավորապես՝ առանց վիզայի ռեժիմը 118 երկրների քաղաքացիների համար։ Փորձագետները նշում են նաև, որ վրացական հանգստավայրերում հանգստանալ ցանկացողների թվում շատ են Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի հարավի բնակիչները։
Ինչ վերաբերվում է Իրանին, ապա Վրաստան այցելածների թիվը կրճատվել է 12%-ով, ինչը պայմանավորված է 2013թ. ամռանն իրանցիների համար վիզային ռեժիմի ներդրումով։
Վրաստանի Տուրիզմի ասոցիացիայի ղեկավար Նաթա Կվանչանտիրաձեն նշում է, որ Վրաստանի հեղինակությունն աշխարհում աճում է։ «Երկիրը դառնում է նոր տուրիստական շուկա, այն հետաքրքիր է իր մշակույթով, հուշարձաններով, խոհանոցով, գինու հետ կապված երթուղիներով։ Արտասահմանցիների մեծամասնությունը ցանկանում է տեսնել մայրաքաղաքը՝ Թբիլիսին»,- ասել է Կվանչանտիրաձեն։
Tert.am


