Հնդկական զբոսաշրջային ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Տիգրան Աստվածատրյանը և տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ընդունել են հնդկական North Star Hospitality զբոսաշրջային ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ընկերության ոլորտի խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որը նպատակն է նաև ընդլայնել զբոսաշրջային շուկան Երևանում`միաժամանակ ներկայանալի և ավելի ճանաչելի դարձնելով մայրաքաղաքը հնդիկ զբոսաշրջիկների համար:
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երևանի զբոսաշրջային հետաքրքրություններն ու ներդրումային հնարավորությունները, իսկ համագործակցության առաջարկներն ավելի հստակ կներկայացվեն սեպտեմբերին Երևանում կայանալիք հայ-հնդկական առևտրա-ադյունաբերական համաժողովի ընթացքում:
Կազմակերպությունը հրավիրելու է գործարարների խումբ, որի անդամները հետաքրքրված են մայրաքաղաքի ներդրումային առաջարկներով։
North Star Hospitality ընկերության տնօրեն Ռոհիտ Նոռոնհան նշել է, որ Երևանի վերջին տարիների առաջընթացն ակնհայտ է, ինչի արդյունքում գնալով ավելի է մեծանում հնդիկների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ առաջիկայում կմեծանան երկուստեք այցելությունների ծավալները:
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների վստահեցրել են, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ցանկացած առողջ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հնդկաստանի զբոսաշրջային շուկայում Երևանյան զբոսաշրջային միջավայրը գովազդելու հնարավոր տարբերակները։
2008թ. Երևան քաղաքի և Դելիի կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Առաջիկայում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում է ստեղծել Հնդկաստանի պուրակ, իսկ հեռանկարում նաև ուղիղ չվերթներ բացել Երևանի և հնդկական քաղաքների միջև:


