Ոլորտային հմտությունների զարգացման խորհուրդներ

Բիզնեսի զարգացումԸնդհանուր ակնարկ ԵՄ և այլ երկրների ոլորտային հմտությունների զարգացման խորհուրդների վերաբերյալ

Ներկայումս որակյալ մասնագետների պակասը տնտեսության զարգացման լրջագույն խոչընդոտներից է։ Այդ պակասն առկա է տարբեր ոլորտներում, և ընկերությունները որոնում են անհրաժեշտ մարդկային ռեսուրսների բացը լրացնելու ուղիներ՝ հիմնականում մեկը մյուսից ավելի բարձր գնով աշխատակիցներ ներգրավելով, հրավիրելով թանկ արտասահմանյան մասնագետների, մշակելով ու կիրառելով մասնագիտական զարգացման (ստաժավորման) սեփական ծրագրեր, և տալիս են այլ միանվագ լուծումներ։ Սակայն ակնհայտ է, որ ներկայիս սրընթաց փոփոխվող տնտեսության աճի պարագայում քանակական և որակական պահանջները մասնագետների նկատմամբ ևս փոփոխվում են։ Դա իր անմիջական բացասական ազդեցությունն է ունենում ոչ միայն առանձին գործատուների, այլև ոլորտի հետագա զարգացման վրա՝ անհնարին դարձնելով այդքան արժևորված մրցունակությունը։

Ընկերությունների մրցունակությունը, որը մեծապես պայմանավորված է արտադրողականության բարձր և մշտապես աճող մակարդակով, էապես կախված է ճիշտ ժամանակին և պահանջվող թվով՝ համապատասխան գիտելիքներով և հմտություններով զինված մարդկային ռեսուրսների առկայությունից։ Հաշվի առնելով այս ամենն, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու քաղաքականությունը՝ պարզ է դառնում, որ խնդիրը պետք է դիտարկվի և լուծում ստանա գիտատեխնիկական, արտադրական, ֆինանսական ու սոցիալական գործունեության փոխկապակցվածության ինստիտուցիոնալ նոր միջավայրում՝ միաժամանակ օգտագործելով միջազգային փորձն ու կրճատելով նոր մոտեցման հետ կապված ժամանակային և այլ ծախսերը։

Համաձայն ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության 2004թ. «Մարդկային Ռեսուրսների Զարգացման» No 195 հանձնարարականի՝ անդամ երկրները պետք է օժանդակեն և խթանեն ոլորտում անհրաժեշտ մարդկային ռեսուրսների զարգացմանն ու վերապատրաստմանն առնչվող՝ աշխատաշուկայի գիտելիքների և որակավորումների որոշարկմանը, գնահատմանն ու կանխատեսմանն ուղղված հետազոտություններին։

Եվրոպական Միության՝ «Աճի և աշխատանքի» լիսաբոնյան ռազմավարությունը նույնպես մատնանշում է մասնագիտական հմտությունների որոշարկումը, վերլուծությունը և կանխատեսումը՝ որպես աշխատաշուկայի ակտիվության և ընկերությունների մրցունակության առանցքային գործոն։
Միջազգային շուկայում արդեն կան ոլորտում պահանջվող կարողությունների և դրանց մասին տեղեկությունների ապահովման արդյունավետ համակարգերի օրինակներ՝ Ոլորտային հմտությունների խորհուրդներ։ Այս կառույցների կարգավիճակը, նպատակներն ու գործառույթները տարբերվում են՝ պայմանավորված տվյալ երկրի պահանջներով, սակայն ծառայում են մեկ ընդհանուր նպատակի՝ ապահովել տարբեր ոլորտներում հմտությունների մասին ավելի մեծ ծավալի և որակյալ տեղեկատվություն, ինչպես նաև օժանդակել յուրաքանչյուր ոլորտում «հմտությունների կառավարման» գործընթացների բարելավմանն ու առաջարկի և պահանջարկի համապատասխանությանը:
Ոլորտային հմտությունների խորհուրդները (ՈՀԽ), սովորաբար, մշտական գործող կառույցներ են, որոնք հիմնադրվել են կառավարության կողմից (օրինակ՝ Ֆինլանդիա, Միացյալ Թագավորություն), կամ վերջինս առնվազն ճանաչում է դրանք, եթե հիմնադիրները գործատուներն են (Ավստրալիա): Որոշ երկրներում դրանց գոյությունն օրենքի պահանջ է (Նիդեռլանդներ), կամ դրանք նույնիսկ պետական մարմիններ են (Հարավային Աֆրիկա):
Խորհուրդները հիմնականում ղեկավարվում են գործատուների կողմից, կամ վերջիններս ունեն ազդեցիկ ներկայացուցչություն ու առանցքային դերակատարում այն դեպքերում, երբ ՈՀԽ-ները պետական կառույցներ են (Գերմանիա, Հարավային Աֆրիկա):

ՈՀԽ-ների ամենատիպական գործառույթներն են՝

  • • Ոլորտում առկա զբաղմունքների քարտեզագրում,ոլորտի զբաղմունքների նկարագրերի/չափորոշիչների սահմանում/վերանայում.
  • • Ոլորտի կազմակերպություններում զբաղված աշխատուժի հմտությունների, կարողությունների պարբերական աուդիտ համակարգված մեթոդաբանությամբ, դժվար համալրվող զբաղմունքների և հմտությունների բացի որոշարկում, դրանց որակական և քանակական վերլուծություն.
  • • Երկրի տնտեսական, քաղաքական, օրենսդրական, կլիմայական, ժողովրդագրական, տեխնոլոգիական, սոցիալական փոփոխություններով ու միտումներով պայմանավորված` ոլորտի ձեռնարկություններում հմտությունների որակական և քանակական նոր պահանջների վերհանում.
  • • Ոլորտին վերաբերյալ տնտեսական և այլ հետազոտությունների իրականացում՝ բիզնեսի պլանավորմանը աջակցելու նպատակով.
  • • Աջակցություն ոլորտի կազմակերպություններին մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման գործում.
  • • Ոլորտի մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման ռազմավարության մշակում` ներառելով թե՛ որակական, թե՛ քանակական կողմերը.
  • • Ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման ռազմավարության իրականացում և համակարգում.
  • • Ոլորտում պահանջվող կարողությունների, ներկայիս և ակնկալվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության տարածում ուսումնական հաստատություններին, զբաղվածության կենտրոններին.
  • • Երկխոսության նախաձեռնում կրթություն և ուսուցում իրականացնողների հետ` ոլորտում պահանջող կարողությունների և առաջարկվող ուսումնական ծրագրերի միջև առկա բացի վերաբերյալ.
  • • Պետական կրթական չափորոշիչների մշակում և/կամ վերանայման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
  • • Յուրաքանչյուր զբաղմունքի համար որակավորման մակարդակի և վկայագրման պահանջների սահմանում.
  • • Ոլորտին առնչվող դասընթացների իրականացման լիցենզավորման պահանջների սահմանում.
  • • Ուսումնական մոդուլային ծրագրերի, ուսուցման/ուսումնառության նյութերի, ուսանողի կարողությունների գնահատման գործիքների մշակում.
  • • Ոլորտի աշխատուժի հմտությունների շարունակական զարգացման համար կարճաժամկետ դասընթացների մշակում.
  • • Ոլորտում առաջարկվող ուսումնական ծրագրերում փոփոխությունների մշակում և դրանց ինտեգրման վերահսկում.
  • • Ոլորտի համար մասնագետներ պատրաստող/վերապատրաստող ուսումնական հաստատությունների, ծրագրերի հավատարմագրում (որակի չափորոշիչների սահմանում).
  • • Կազմակերպություններում աշկերտության, գործնական ուսուցման, արտադրական պրակտիկայի ծրագրերի մշակում.
  • • Ոլորտային մասնագիտությունների գծով ուսումնառողների (շրջանավարտների) ձեռք բերած կարողությունների գնահատում.
  • • Մասնագիտական կողմնորոշման/կարիերայի ուղղորդման համապատասխան միջոցառումների նախաձեռնում, իրականացում բոլոր տարիքային խմբերի համար.
  • • Ոլորտի միջազգային և ազգային զարգացումների մասին գիտելիքների թարմացում կրթություն իրականացնողների համար (խորհրդաժողովներ, սեմինարներ դասավանդողների համար մասնագիտական հարցերի վերաբերյալ).
  • • Ոլորտի զբաղմունքների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և վարում (ինտերնետ հարթակում).
  • • Ոլորտին առնչվող ՄԿՈՒ համակարգի ուսումնասիրում (ծրագրեր, ուս. հաստատություններ, շրջանավարտներ).
  • • Աջակցություն ոլորտի հավատարմագրված ուսումնական ծրագրերի իրականացմանը (այդ թվում նյութատեխնիկական, ֆինանսական աջակցություն ուսուցում իրականացնող հաստատությանը).
  • • Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքում ձեռք բերված կարողությունների ճանաչում, վկայագրում.
  • • Գործնական կապերի հաստատում և պահպանում տվյալ ր այլ երկրների կրթական հաստատությունների միջև` ուսումնական ծրագրերի, դասավանդողների, ուսանողների փոխանակման համար:

Վերոնշյալ կառույցների ֆինանսավորման աղբյուրները զանազան են՝ մասնավոր հատվածի ներդրումներ, անդամավճարներ, վճարներ ծառայությունների մատուցման դիմաց, կառավարության համաֆինանսավորում և այլն։ Ներկա փորձը ցույց է տալիս, որ ընկերությունների կողմից ուղղակի ֆինանսավորումը արդարացված է, քանի որ ծախսերի և ստացված արդյունքի միջև առկա է հստակ դրական կապ:
Այս կառույցների գործունության դրական արգասիքներն են վայելում մի շարք ուսումնասիրված երկներ՝ Նիդեռլանդներ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Հարավային Աֆրիկա, Նոր Զելանդիա:

«Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն