Գարունը Հայաստանում
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին…
Վահան Տերյան
Պատրաստվե՛ք մարդիկ, գարունն արդեն գալիս է: Սա իսկապես նոր կյանքի սկիզբն է: Զարդարե՛ք ձեր տները կանաչ գույներով և գարնանային ծաղիկներով: Կրե՛ք կանաչ գույնի շորեր, որպեսզի ձեր մեջ ևս զգաք այս նոր կյանքը: Օրհնե՛ք այն սերմը, որ պատրաստվում եք տնկել ձեր պարտեզում: Ժամանակն է սկսելու նոր նախագծեր: Անկասկած, տարվա ոչ մի եղանակ մենք այնքան մեծ ուրախությամբ և ակնկալիքով չենք սպասում, որքան գարնան գալուստը: Հաճախ նույնիսկ ուրախանում ենք միայն այն մտքից, որ փետրվարն էլ անցավ, և առջևում մեզ դեռ սպասվում են ավելի լավ և տաք օրեր: Որպես կանոն` գարունը սկսվում է օրահավասարով, երբ գիշերվա և ցերեկվա ժամերը հավասարվում են: Գարունն ազդարարում է երկրային կյանքի վերադարձը երկար և ցուրտ ձմռանից հետո, քանի որ բնությունն էլ իր վրայից է նետում ձմեռային ցուրտ վերմակը, իսկ ծաղիկները սկսում են ծաղկել, ժրաջան մեղուները նեկտար են հավաքում գարնան առաջին ծաղիկներից, թռչունները իրենց երգերն են հյուսում պարզկա երկնքում, իսկ պայծառ օրերը օգնում են ազատվել ձմռան ընթացքում կուտակված դեպրեսիայից:
Դեռևս հին ժամանակներից մարդիկ ամբողջ աշխարհում տոնում են գարնան գալուստը տարբեր տեսակի ծիսակարգերով, որոնք խորհրդանշում են հավատարմություն և զարգացում: Այսպես օրինակ` կրոնական հիմնական տոները նշվում են գարնանը: Գարնան հետ վերանում են նաև հուսահատությունն ու միայնությունը: Ամենուր և ամեն ժամ կարելի է հանդիպել սիրահար զույգերի, ինչու չէ նաև զբոսաշրջիկների, քանի որ հենց գարնանն է ավելանում նրանց թիվը: Ի դեպ` զբոսաշրջիկները գարնանը մեծ հնարավորություն ունեն այցելելու Հայաստանի մարզերը, որտեղ նրանք կարող են զգալ գարնան առկայությունը ծառի յուրաքանչյուր տերևի մեջ, ծաղկի յուրաքանչյուր գույնի մեջ և հատկապես օդի թարմության մեջ: Թո՛ղ գարնանը ձեր կյանքը լցվի հրաշքով և հաճելի պահերով:








