Արարատի երկու կողմերը
Ֆիլմը, որի մասին ուզում եմ Ձեզ պատմել ստեղծվեց և ունեցավ բավականին հետաքրքիր պատմություն: Նախ ասեմ, որ ես հայ եմ և ծնվել եմ Գյումրիում, Հայաստանում: Այսօրվա Հայաստանում, որը երբեմնի հզոր ու ընդարձակ հայոց աշխարհի մի փոքրիկ մասն է միայն` ծվարած Արարատի արևելյան մասում: Այո՛, այսօր գոյություն ունեն արևելյան և արևմտյան Հայաստան անվանումները, որը գալիս է մեր պատմության այն ժամանակներից, երբ երկրի տարբեր հատվածներ տարբեր տիրությունների իշխանության տակ էին և երբ արևմտյան Հայաստանում կատարվեց աշխարհի ամենամեծ չարագործություններից մեկը` կոտորվեց ու խոշտանգվեց մեկ ու կես
միլիոն հայ:
Ես միշտ դառնությամբ ու կարոտով էի նայում մեր Բիբլիական Արարատ սարին… Եվ ահա մի օր ես տեսա Անին, Հայաստանից, հեռվից: Երբեմնի մեր հռչակավոր մայրաքաղաքը… Իսկ ավելի ճիշտ այն, ինչ մնացել էր այդ հոյակերտ քաղաքից: Ավելի մոտ գնալու համար բաժանում էր սահմանը, որի մի կողմում կարոտն էր, մյուս կողմում նախնիների թողած ժառանգությունը: Եվ հասունանում էր այն երազանքը, որ պետք է գնալ և տեսնել Արևմտյան Հայաստանը: Չգիտեմ պատահականություն էր, թե նախախնամություն, բայց եկավ այդ օրը, և ես ստացա առաջարկություն մեկնել Կարս` Կարսի միջազգային կինոփառատոնին մասնակցելու որպես հյուր: Տարիների երազանքը դառնում էր իրականություն: Եվ ես ահա Կարսում եմ… այստեղ ամեն ինչ հարազատ է ու սովորական ինձ համար. տները, փողոցները, շենքերը, անգամ օդն ու ջուրը… Իմ քաղաքն է` իմ պապերի քաղաքը:
Ամեն ինչ նույնն է, միայն մարդիկ են ուրիշ… Եվ ահա եղա Անիում… Այս անգամ արդեն հենց Անիում… մոտ, շատ մոտ, որ կարող էի շոշափել այս հոյակապ ավերակները… Հայաստան վերադառնալիս իմ տպավորությունների մասին որոշեցի կիսվել մարդանց հետ: Դա հնարավոր եղավ «Արարատի երկու կողմերը» ֆիլմի միջոցով, որը ես նկարահանեցի Թուրքիայում և Հայաստանում: Ֆիլմի ցուցադրությունից մի քանի ամիս անց հրավեր ստացա մեկնել Հունգարիա` մասնակցելու գիտական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին:
Փառատոնը շատ լավ էր կազմակերպված: Յուրաքանչյուր ֆիլմ լավ տպավորություն էր թողնում և ընդունվում էր բուռն ծափահարություններով: Եղան հանդիպումներ, նոր ծանոթություններ, քննարկումներ… Եկավ կինոփառատոնի փակման և մրցանակաբաշխության պահը… Յուրաքանչյուր ծրար բացելիս սիրտս տրոփում էր… և հանկարծ լսեցի հաղորդավարի ձայնը. – «2009 թվականի նոյեմբեր ամսին Հունգարիայի Սոլնոկ քաղաքի գիտական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին Հայաստանը ներկայացնում է «Երիտասարդ Կինո» կինո և ֆոտո ստուդիայի նախագահ Արման Մազմանյանը: Նրա «Արարատի երկու կողմերը» ֆիլմը արժանանում է փառատոնի գլխավոր մրցանակին…»
Հարուստ տպավորություններով վերադարձա Հայաստան… Սակայն մի զգացում, որ խլրտում էր իմ մեջ, հանգիստ չեր տալիս: Այցելեցի Ծիծեռնակաբերդ` մեր միլիոնավոր անմեղ զոհերի հուշարձան, և սպիտակ ծաղիկներ դնելով կարմիրների վրա` ցանկացա, որ երբեք աշխարհում ցեղասպանություններ և պատերազմներ չլինեն, անմեղ մարդկանց արյուն չթափվի, և բոլորը ապրեն համերաշխ:
Չէ՞, որ Արարատից սկսված նոր կյանքը դա է խորհրդանշում:


