Տոլմայի համահայկական փառատոնը սկսվում է

Տոլմայի փառատոնՍարդարապատում կբացվի արդեն ավանդական Տոլմայի փառատոնը։

«Մամիս դոլմեն ոչ ոք չի կարող սարքի, դոլմի հետ մատներդ էլ կուտեիր»,-ասում է 87-ամյա իրանահայ Թադևոս պապը, որ կնոջ հետ եկել էր մասնակցելու Տոլմայի համահայկական փառատոնին: Բայց երբ տաղավարներից մեկում նրան տոլմա հյուրասիրեցին, գոհունակ ժպիտով ասաց. «Լա՜վն է»:

Արդեն երեք տարի է, որ Սարդարապատի հուշահամալիրը հուլիսին լցվում է մարդկանցով, որոնք տաղավարից տաղավար անցնելով` համտեսում էին չտեսնված ու չլսված տոլմայի տեսակներ:

Այս առիթով դեռ հունիսի 27-ին “Արարատ Հոլ” ռեստորանի տնօրեն, ավագ խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը անցկացրել էր քննարկում՝ նվիրված փառատոնի բոլոր կազմակերպչական ու ընթացիկ հարցերին: Ըստ նրա, այս տարվանից գործելու է միջոցառումների կազմակերպման մշակված հատուկ կանոնակարգ: Փառատոնն անցկացվելու է մրցույթի ձևով, որին կմասնակցեն ինչպես Հայաստանի առաջատար ռեստորաններ, այնպես էլ անհատներ Երևանից և մարզերից` ընդհանուր առմամբ 20 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը տեղում կպատրաստի ավանդական տոլմայի իր տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով: Հաղթողները մի քանի անվանակարգում`լավագույն տեսք, համ ու ձևաորում, կպարգևատրվեն մրցանակներով:

Միջոցառումը հետապնդում է քարոզչական նպատակ` մասսայականացնելով հայ ավանդական կերակրատեսակները և ամրագրելով հայոց ոչ նյութական մշակութային արժեքներից մեկը համարվող հայկական խոհանոցն, ինչպես նաև տոլման ներկայացնել որպես հայկական կերակրատեսակ՝ հերքելով այն թյուր կարծիքը, թե իբր այդ կերակրատեսակը թուրքական արմատներ ունի:

Օրինակ, երբևէ կերե՞լ եք հորթի, գառան, խոզի և հավի մսերի խառնուրդից պատրաստված տոլմա, որը խոհարարներն անվանում են փունջ կամ էլ խմորի շերտերի մեջ լցոնած, որը հիշեցնում է հայկական փախլավա: Եթե ներկա լինեիք տոլմայի համահայկական փառատոնին, ապա կտեսնեիք նաև ոլոռով, սիսեռով և ոչխարի մանր կտրատած մսով տոլմա, մրգային և հատապտղային հավելումներով, բրնձով և սունուբարով տոլմա, հոնի, ծիրանի հյութով պատրաստված, հավի կրծքամսով, տավարի ծեծված մսով և ձավարով, անգամ խեցգետնի ու իշխանի մսով տոլմաներ:

Բացի ավանդական կաղամբից ու թփից, այս փառատոնի տոլմաները լցոնված էին եզան լեզվի, ազնվամորու, լոբու, թզի, թթի տերևների, նույնիսկ դդմի չբեղմնավորված ծաղկի մեջ:

Վստահ ենք, որ ցանկաված հայ տոլմայի մի յուրօրինակ բաղադրատոմս գիտի, որը շատ է սիրում և անձամբ պատրաստում է:

2011թվականին անցկացված Տոլմայի միջոցառումն ունեցել է միջազգային արձագանք՝ երկու օր անընդմեջ հեռարձակվելով ամերիկյան CNN հեռուստաընկերության եթերում:

Ըստ Սեդրակ Մամուլյանի փառատոնն ունեցել է իր դրական ու բացասական կողմերը, վերջիններս շտկվել են ընթացքում: Այսպիսով`հարկավոր է այն կազմակերպել բարձր մակարդակով,ավելի գրավելու զբոսաշրջիկների ու օտարերկրացիների ուշադրությունը ինչպես մեր երկրի,այնպես էլ փառատոնի նկատմամբ:

Այս տարվա միջոցառմանը հրավիրվել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, հասարակական-քաղաքական և մշակույթի գործիչներ, տարբեր ՀԿ-երի, դեսպանատների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառմաումն իրականացվում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս հայկական տոլմայի համը հասանելի դարձնել նաեւ օտարերկրացի հյուրերին։

Փառատոնի կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանի կարծիքով, միջոցառման նպատակներից մեկն էլ տուրիզմի զարգացումն է . «Առանց սպասարկման ոլորտի և հատկապես ազգային խոհանոցի շատ դժվար կլինի զարգացնել տուրիզմը,-կարծում է խոհարարը,-երբ տուրիստը մեր երկրից գնա, նրա մեջ ամենաուշը կմոռացվի համի և հոտի զգացողությունը»:

Սակայն փառատոնի գլխավոր նպատակը հայկական ազգային խոհանոցի նկատմամբ հարգանքի և վստահության բարձրացումն է, քանի որ կա կարծրատիպ, թե այն հարուստ ու բազմազան չէ. «Ի դեպ, այդ թյուր կարծիքը մեր մեջ է, օտարները շատ լավ գիտեն մեր խոհանոցի արժեքը,-նշում է խոհարարը,-մենք պետք է ապացուցենք, որ մեր խոհանոցը ոչ միայն հզոր է, այլև ծառայել է դոնոր մեր հարևան և ոչ հարևան երկրների համար»:

Փառատոնի ընթացքում ներկայացվում են 22-ից ավելի տաղավարներ` տոլմայի ավելի քան 60 տեսակով: Փառատոնի առաջին հաղթող ճանաչված Աֆրիկյանների պանդոկի խոհարար Գրիշա Անտինյանը մինչ օրս մի յուրահատուկ ակնածանքով և զգուշավորությամբ է իր ձեռքն առնում շահած մեդալը:

Այս տարի էլ հուլիսի 10-ի Սարդարապատի հերոսահամալիրի հաղթական պատը նորից կհյուրընկալի հայ խոհարարին՝ այս անգամ էլ Տոլմայի համեղ ու հաղթական բույրի շուրջը սփռելու և մի շատ կարևոր հաղորդագրություն տարածելու համար՝ դարեր շարունակ խոհանոցում այսքան հոգի դնող ժողովուրդը հավերժ կապրի: Եվ տոլմա, իրոք, չեն սիրում միայն նրանք, ովքեր իրենք չեն կարողանում տոլմա պատրաստել:

Հուսանք,որ նմանատիպ ձեռնարկները կլինեն շարունակելի, որոնք համայն աշխարհին կներկայացնեն մեր ավանդական կերակրատեսակը`տոլման:

Գարիկ Ավետիսյան, Աստղիկ Վիրաբյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն