Բարի Գալուստ Երևան

ԵրևանԵրևան, Էրվան, Էրուն, Իրվան… մեզանից յուրաքանչյուրը յուրովի է արտասանում այս բառերը. մեկը` սիրով, մյուսը` մի փոքր հիասթափված, իսկ երրորդն էլ` անհագ կարոտով: Գեղեցիկ է մեր մայրաքաղաքը, որն արդեն 2791 տարեկան է: Տեսել է բազմաթիվ դժվարություններ, բայց նաև ապրել է վերածնունդ ու զարգանում է տարեցտարի:
Նշենք, որ այժմյան Երևանը, որը տարածվում է Հրազդան գետի ձախ ափին, մ.թ.ա 9-րդ դարում եղել է Վանի թագավորության բերդաքաղաքը: Ինչպես նշվում է արձանագրություններում, «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին, 5-րդ դարում կառուցում է այս ամրոց բերդաքաղաքը` անվանելով այն Էրեբունի` ի զորություն Բիայնայի երկրի և ի սարսափ թշնամիների»: Այս նույն արձանագրություններից էլ տեղեկանում ենք Երևանի ծննդյան տարեթիվը` մ.թ.ա. 782թ.: Երևանը ավելի մեծ է, քան Հռոմը, հասակակիցն է Բաբելոնի, Նինվեի և Պերսեպոլիսի:
Իհարկե, բոլորն են սիրում իրենց մայրաքաղաքը, բայց էլ ավելի կսիրեն ու կխնամեն այն, երբ տեղեկանան պատմության ու արմատների մասին: Այսուհետ մենք կփորձենք մեր ամսագրի յուրաքանչյուր թողարկման մեջ լուսաբանել Երևան քաղաքի փողոցների և դրանց հետ կապված հետաքրքիր պատմությունների մասին:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Ինչպես գիտենք, Հանրապետության հրապարակի օվալաձև ու մոնումենտալ ձևը պատկանում է ակադեմիկոս, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, ով իրականացրեց հրապարակի այս պրոյեկտը 1926թ.: Ի դեպ, նրան է պատկանում նաև ամբողջ Երևան քաղաքի վերակառուցման և զարգացման հատակագիծը: Մինչ ԽՍՀՄ փլուզումը` 1991թ., այն կրում էր Վ.Ի. Լենինի անվանումը, որտեղից մի անզուգական տեսարան էր բացվում դեպի Արարատ և Արագած լեռները: Հրապարակի օվալաձևությունը ավելի է ընդգծում «երգող շատրվանների» խումբը, որոնց ռեստավրացիոն աշխատանքները ավարտվեցին 2007թ.: Թեև Հանրապետության հրապարակը մարդաշատ է տարվա բոլոր եղանակներին, սակայն մեծ դժվարությամբ կարելի է տեղ գտնել հրապարակում հատկապես ամռան ամիսներին, քանի որ զբոսաշրջիկների մեծ մասն ու տեղացիները անմոռանալի պահեր են անցկացնում այստեղ` բավականություն ստանալով «երգող շատրվանների» գեղեցիկ պարային շարժումները դիտելով ու ունկնդրելով հայ և օտարազգի կոմպոզիտորների դասական երաժշտությունը:
Հանրապետության հրապարակը քաղաքի հիմնական վարչական մասն է կազմում, քանի որ այստեղ են տեղակայված Կառավարության շենքը, Արտաքին Գործերի Նախարարությունը, Գլխավոր փոստը, Ազգային պատկերասրահը և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը: Հանրապետության հրապարակի մասին խոսելիս չենք կարող չնշել հանրապետության գլխավոր ժամացույցի մասին:
Դեռևս Երևանը նախագծելու ժամանակ էր Թամանյանը նախագծել Կառավարության շենքի բարձրադիր աշտարակում տեղադրել ժամացույցը, որն արդեն 69 տարի յուրաքանչյուր ժամը մեկ ղողանջում է` ազդարարելով ժամանակը: Զանգերից ամենամեծը կշռում է 25 փութ: Մնացած զանգերը կշռում են 1,5-ից մինչև չորս փութ:
Ժամացույցի նշանացույցը ունի մոտ չորս մետր տրամագիծ, մեծ սլաքի երկարությունը մեկ մետր յոթանասուն սանտիմետր է, փոքրինը` մեկ մետր տասներկու սանտիմետր: Հրապարակից են սկզբնավորվում Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան, Վ. Սարգսյան և Տիգրան Մեծ փողոցները, որոնցից յուրաքանչյուրին առավել մանրամասն կանդրադառնանք ամսագրի հետագա համարներում: Եկե՛ք պահպանենք և խնամենք Երևանը, չէ՞ որ այն մեր մայրաքաղաքն է:

Share Button

Մեկնաբանիր Ֆեյսբուքում

մեկնաբանություն

Նշանաբառեր՝